Նոր փուլ
											
													24.09.2019 | 00:06
						Թվում էր` հեղափոխության երկրորդ էշելոնը գալիս է անաղմուկ, ու նրա ընթացքը, որոշակի ամպլիտուդներով, նույնպես սահուն կլինի, ինչպես առաջին էշելոնինը:
Ավաղ: Սակայն դեռ` առաջին էշելոնի մասին:
 
ա) Հորիզոնական պլանում, ժողովրդավարության ծխածածկույթով զավթելով իշխանությունը, առաջին էշելոնը կարողացավ ամեն ինչ քայքայել, ինչը թիվ մեկ հանձնարարությունն էր` ավերել պետականության հիմքերը, ինստիտուտները, ազգային արժեքները, որոնք պահպանում են տեսակը, քաոսը դարձնել աստված:
Արեցին:
բ) Փոխել մենթալ պլանը. Օվերտոնի տարատեսակ պատուհաններով արձակել այնպիսի գամմաներ, ճառագայթներ, որոնք ուղիղ կհանգչեն էթնոսի ողնաշարում և այնտեղ քիմիա իրականացնել` տեսակը դեգրադացնելու առումով: Հենց միայն Անկախության օրը արձակված երկու «ալիքը»` քրմերի պարն ու «Արցախի մարզպետ» նշանային համակարգերը բավ էին, որպեսզի հասկացվի` հեռացումն ափից անչափ մեծ է. որովհետև հակազդեցության ճիչ չլսվեց էթնոսի կողմից, ընդամենը համացանցային փաստինգ էր ընթանում «պարի» հետ կապված:
գ) ՈՒշադիր.  սա նշանակում է, որ Փաշինյանի, նրա համախոհների, նրանց կեղծ արժեքների ալիքավորման միջոցով  տեղի է ունեցել ամենակարևորը` էթնոսը, տեսակը ոչ միայ դեգրադացվել է, այլև  զրկվել կամայնությունից, ինչը գերագույնն էր այս ամենում: 
Հորիզոնական չափաբանության տեսանկյունից` հայոց գունավոր հեղափոխության կնքահայրերը պետք է շատ բարձր պարգևատրեն  Փաշինյանին, որովհետև նա արել է առավելագույնը, և երբ թվում էր, որ նա շատ վատ է վերջացնելու, որպես հայ էթնոսի ներկայացուցիչ, հակապետականության կրող, պետք է հասկանալ, որ  վերջինս հայոց մեջ արել է անկարելին`  հոգևոր առումով խեղել է հային, ու դրա համար նրան շատ բարձր կպարգևատրեն նույն իր «հայրերը», եթե Աստված  թույլ տա:
 
Իսկ «հայրերը» պետք է պարգևատրեն շռայլորեն, որովհետև սույն «մավրը» աշխարհաքաղաքական ամենածանր «օսում»` Իրանի, Սիրիայի հարևանությամբ, ջախջախում է ամենակարևոր «Բաստիլը»` հին քաղաքակրթություն,  ազգ, որն ինքն իսկ չի գիտակցում իրեն տրված տիեզերական մեծ իրավունքները։ Առաջինը` քրիստոնեության մեջ, քաղաքակրթությունների խաչմերուկ, միակ առաքելական եկեղեցի, էթնոսային կոդեր, որոնք անգամ արյան բաղադրության մեջ են սերնդավորվում, սփռվում այդ կոդերով, այդ առաքելություններով  ¥նաև՝ ահարկու սխալներով) ողջ աշխարհով մեկ, որպես «առաքելականության» և վերը նշվածների թթխմոր, որի սիրտը դեռ կենդանի է, ի տարբերություն աշխարհի քարացածության. իսկ սիրտը միակ տրոփիչն է, որը կանգնում է Աստծո առաջ`այս և այն կյանքում ու հաշվետվություն տալիս` ինչ էի անում աշխարհում այս և այն օրերին:
 
Ընդ որում, այս նրբությունները շատ լավ են հասկանում «կնքահայրերը», որոնք հենց այդ ուժով են տիրում աշխարհին, այն վերաձևում  պատկերով:
ՈՒ հիմա, երբ թվում էր, թե երկրորդ էշելոնը քաղաքական առումով պետք է գար Նիկոլ Փաշինյանին փոխարինելու, որովհետև սույն մավրն արել է իր «կյանքի» գործը, հասկացվում է, որ գալիս է ոչ թե երկրորդ էշելոնը, այլ իրական ճակատամարտը` ամրապնդելու այն «առաքելությունները», որոնք իրականացրեց սույն մավրը:
Քաղաքականացնելով այս ամենը՝ արձանագրենք. եթե Փաշինյանը կարողացավ իր ռեյտինգը պահպանել… 
Ձգենք պաուզան. իսկ կարծում եք ԱՄՆ-ում  «կնքահայրերն» ինչու՞ են միտինգ սարքում նրա համար. շատ պարզ՝ Հայաստանում նա այլևս  «ձգվելու» տեղ չունի,  նրա ռեյտինգը բավականին լուրջ անկում է գրանցել, չկան այլևս այն ֆանատները, որ հանուն նրա «քուչա» կփակեն օրերով: Պետք է արտաքին ներարկում: Արվում է: Եթե այդ «քիմիան» օգնի  Փաշինյանի ռեյտինգին,  վերջինս կշարունակի «գոյատևել» աթոռին, եթե ոչ, երկրորդ էշելոնն արդեն ոտքի վրա է:
 
Այն փոքր-ինչ տարատեսակ է, սակայն արդեն իսկ «ցցվածքները» ակնառու են` հավերժ «հաճախորդ» Էդմոն Մարուքյան, բանակ չգնալու հարցով «քաղաքական հալածյալ»-բանտարկյալ Արման Բաբաջանյան, զանազան սորոսականներ, որոնք կկցվեն  սրանց կամ համանման «պատկեր» ունեցող  այլ մեկին: «Ծռեր»` նրանց հարակից ֆիլիալներ` ուկրաինական բենդերականների «պատկերով», որոնք, ի անհրաժեշտություն, ոչ մի բանի առջև կանգ չեն առնի` քաղաքացիական բախումներով հարցերը լուծելու համար:
Այս բոլորի «կայացմանը» «կնքահայրերի» հետ,մասնակից է նաև  Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ունենա ոչ միայն սեփական իշխանություն, այլև` «սեփական» ընդդիմություն:
Կհաջողվի՞: Այդ մասին` հաջորդիվ:  
  
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
 						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ